Ի՞նչ է խորհրդանշում ծաղկի գույնը

Ծաղիկների հանդեպ հետաքրքրությունը գալիս է դեռևս վաղ ժամանակներից, երբ ծաղկավաճառներն ու բուսականությամբ հետաքրքրվողներն ուսումնասիրում էին դրանց տեսակները, գույները և նույնիսկ նոր տեսակների ստեղծման հնարավորություններն ու տարբերակները։ 

Ժամանակի ընթացքում ձևավորվեց ծաղիկներ նվիրելու սովորույթը, որն առաջ եկավ հին եգիպտացիների, հույների և Ռոմանական Կայսրության ժամանակներից։

Հասարակության այս երեք ներկայացուցիչները ծաղիկներն օգտագործում էին նաև կրոնական ծիսակատարությունների ընթացքում։
Հույները դրանք օգտագործում էին պատմվածքներ պատմելու համար, ինչպես նաև ծաղիկներից ստեղծում էին տարբեր զարդարանքներ, որոնք էլ օգտագործում էին զանազան իրադարձությունների ժամանակ։ Իսկ հետո ծաղիկներ նվիրելը դարձավ միմյանց հանդեպ զգացմունք արտահայտելու միջոց։

Ահա ծաղիկների մասին մի քանի օրինակներ և թե ինչ նշանակություն ունի դրանցից յուրաքանչյուրի գույնը։

Կարմիր ծաղիկներ․ սիրո և հարգանքի զգացողություն

Այս գույնի ծաղիկները համարվում են սիրո խորհրդանիշ։ Դրա հետ մեկտեղ նրանք նաև հարգանքի ու աջակցության դրսևորում են։

Կարմիր ծաղիկների շարքում ամենահայտնի ընտրությունը կարմիր վարդերն են։ Սակայն կարմիր վարդերին կարող են նաև փոխարինել կարմիր կակաչները, որոնք նույնպես առանձնանում են իրենց յուրահատուկ տեսքով և եզակիությամբ։ 

Սպիտակ ծաղիկներ․ մաքրություն և ազնվություն

Սպիտակ ծաղիկները հիմնականում օգտագործվում են մկրտությունների և հարսանյաց արարողությունների ժամանակ։ Դրանք արտահայտում են մաքրությունը, ազնվությունը և նոր սկիզբը։ Սպիտակ ծաղիկների շարքում ամենահայտնի ընտրություններն են շուշանները, սպիտակ վարդերը և երիցուկները։ 

Կապույտ ծաղիկներ․ խորություն և հանդարտություն

Բնական կապույտ ծաղիկների հազվագյուտությունը դրանց տալիս է ավելի հատուկ նշանակություն։ Այս ծաղիկները խորհրդանշում են հանգստություն, վստահություն և խորը կապ։ Կապույտ ծաղիկների (հիրիկներ, հորտենզիաներ) միջոցով հնարավոր է արտահայտել թանկ հարաբերությունները։ 

Այսպիսով, եթե փնտրում եք ծաղիկների իմաստային կատարյալ համադրություններ, ապա կարող եք հաշվի առնել նաև կապույտ ծաղիկների տարբերակը։ 

Դեղին ծաղիկներ․ ընկերություն և երջանկության զգացում

Դեղին ծաղիկները երջանկության ու ընկերության խորհրդանիշ են։ Բացի այդ, վառ գույնն ապահովում է բարձր տրամադրություն։ Այս խմբին են պատկանում արևածաղիկները, նարգիզները և իհարկե, դեղին վարդերը։ 

Վարդագույն ծաղիկներ․ նրբություն և հիացմունք

Նուրբ և հմայիչ տեսք ունեցող վարդագույն ծաղիկները փոխանցում են երջանկություն և հիացմունք։ Դրանք խորհրդանշում են կանացիությունն ու երջանիկ երիտասարդությունը։ 

Սկսած վարդագույն վարդերից մինչև վարդագույն հերբերաները՝ մշտապես լավագույն տարբերակներն են ցանկացած ուրախ իրադարձության համար։

Մանուշակագույն ծաղիկներ․ խորհրդավորություն և արքայություն

Դարեր շարունակ մանուշակագույնը, այդ թվում նաև՝ մանուշակագույն ծաղիկները,  համարվել են արքայության և ազնվականության խորհրդանիշ։ 

Ասում են՝ մանուշակագույն ծաղիկները նաև արտահայտում են աշխարհի առեղծվածները, ինչն այդ գույնի ծաղիկներին նախապատվություն տալու ևս մեկ պատճառ է։ 

Նարնջագույն ծաղիկներ․ Էներգիա և ոգեշնչում

Հետաքրքիր ծաղիկների շարքում իրենց յուրահատուկ տեղն ունեն նարնջագույն ծաղիկները, որոնք արտահայտում են կիրք ու երախտապարտություն, ինչպես նաև համարվում են ջերմ հարաբերությունների դրսևորում։ Այս ծաղիկների շարքում են շուշանները, նարգիզները և շատ այլ տարբերակներ, որոնք հիանալի համադրություններ են կազմում ու շքեղություն հաղորդում ծաղկեփնջին։

Բացի յուրօրինակ համադրում կազմելուց, նարնջագույն ծաղիկներից կարող են ստեղծվել նաև առանձին ծաղկեփնջեր, որոնք կառանձնանան իրենց եզակիությամբ և նրբագեղությամբ։

Նման ծաղկեփնջեր հնարավոր է ձեռք բերել տոնական տարբեր առիթների, ինչպես նաև բնակարանի ինտերիերը համալրելու համար։

Կանաչ ծաղիկներ․ հարմոնիա

Կանաչ ծաղիկներն առանձնանում են իրենց խորհրդավորությամբ։Փոխանցում են թարմության շունչ և հանդարտության զգացողություն։

Գեղեցիկ ծաղիկներ, որոնք կարող են խորհրդանշել հաջողությունը, պտղաբերությունը, և հարմոնիան։  

Երբեմն ծաղիկներն ունենում են մեկից ավելի երանգներ։ Բացի գեղեցիկ համադրություններ ստեղծելուց, բազմերանգ ծաղիկները նաև արտահայտում են խառնված և տարբեր զգացմունքներ ու որոշ դեպքերում նույնիսկ բարդ հարաբերություններ։ 

Ծաղիկների գույները նաև կարող են տրամադրություն հաղորդել այս կամ այն տարածքին՝ բնակարան, այգի,  արարողությունների սրահ և այլն։
Օրինակ՝ կապույտն ու մանուշակագույնը գերակշռող միջավայրն առանձնանում է իր հանգստությամբ, մինչդեռ կարմիրն ու նարնջագույնը հաղորդում են էներգիա և դինամիկություն։

Այսպիսով, ծաղկեփունջ ընտրելիս հաշվի առեք գունային նշանակությունը, քանզի դրանց գրագետ համադրությունը կարող է արտահայտել բազմազան և խորը զգացմունքներ, որոնք չեն կարող փոխանցվել խոսքերի միջոցով։